Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով». ՀՀԿ-կան պատգամավոր Կարեն Կարապետյան

«Ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով». ՀՀԿ-կան պատգամավոր Կարեն Կարապետյան
28.04.2018 | 12:25

Երկրում ստեղծված իրավիճակի և մայիսի 1-ին ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումները ճշտելու նպատակով զրուցել ենք ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ:

–Պարոն Կարապետյան, երեքշաբթի կայանալիք վարչապետի ընտրություններում Դուք քվեարկելո՞ւ եք արդյոք վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի օգտին:

-Իսկ ՀՀԿ-ն երբ է թեկնածու առաջադրել, որ ես հիմա ասեմ՝ քվեարկելու եմ, թե ոչ:

–Բայց ունենալո՞ւ է սեփական թեկնածու, և եթե այո, ապա ո՞վ է լինելու՝ արդյոք հենց Կարեն Կարապետյանը:

– Չեմ կարող ասել՝ առաջադրելու է, թե ոչ: Սակայն իմ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով: Նոր իրողությունների պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանա արդյունավետ կառավարել: Այսքան տարի իշխում է ՀՀԿ-ն, և այդ տարիների հետևանքն են նաև հասարակական ընդվզումները: Կուտակված անարդարությունները, կոռուպցիան և այլ արատավոր երևույթները, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել եմ (լինելով այդ կուսակցության անդամ), հանգեցրել են այն վիճակին, ինչ ունենք այժմ: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ում անունը շրջանառվում է որպես ՀՀԿ-ի կողմից հավանական թեկնածու, ապա նա շատ խելացի մարդ է, և կարծում եմ՝ իշխանության մնալու համար չի գնա հակասական դաշտում ընտրությունների: Եթե գնաց, ապա կսխալվի, եթե գնաց, ուրեմն այսքան տարի ես իրեն լավ չեմ ճանաչել:

–Ձեր կարծիքով, հիմա կա՞ ճգնաժամ:

-Ճգնաժամն ուղղակի ակնհայտ է: Բայց դրա հաղթահարման համար ընդամենը պետք է բոլոր կողմերը լինեն խոհեմ ու հավասարակշռված, չգնան արկածախնդրությունների: Դրա համար եմ ասում, որ նորից ՀՀԿ-ականի ընտրվելով խնդիրները չեն կարգավորվի: Առաջնային պետք է լինեն երկրում կայունությունը, հնարավոր մարտահրավերներին ու վտանգներին դիմակայելու իմունիտետը պահպանելն ու առկա ճգնաժամը բացառապես սահմանադրական ճանապարհով կարգավորելու ընկալումը: Այս ամենը գիտակցելով էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Սա պետք է գիտակցի նաև յուրաքանչյուր ՀՀԿ-ական: Եվ նորից եմ ասում. ճանաչելով Կարեն Կարապետյանին՝ կարծում եմ՝ իր համար իշխանությունը ինքնանպատակ չի եղել և չի լինի:

–Լավ, այդ դեպքում՝ սահմանադրական ճանապարհով լուծումը ո՞րն է:

-Պետք է հաշվի նստել հեղափոխական առկա վիճակի հետ: Խորհրդարանական խմբակցություններից շարժման մասնակիցները «Ելք» և «Ծառուկյան» դաշինքներն են, ուրեմն թեկնածուն կամ թեկնածուները պետք է լինի իրենցից: Իսկ ՀՀԿ-ն ուղղակի պիտի իր դիրքորոշումն արտահայտի:

–Շատ են խոսում այս օրերին Ձեր եղբոր՝ Սամվել Կարապետյանի դերակատարության, տարբեր հանդիպումների մասին…

-Նախ, պետք է նշեմ, որ Սամվել Կարապետյանը հրավիրված է եղել մասնակցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին: Եվ երկրորդ՝ Սամվել Կարապետյանի մոտեցումները երբեք անձնավորված չեն եղել: Իր և ընդհանրապես մեր ընտանիքի համար համար առաջնայինը երկրի կայնությունն ու հավասարակշռությունն են: Այդպես եղել է միշտ, այդպես է հիմա, այդպես լինելու է այսուհետ ևս: Իսկ տարաբնույթ շահարկումները ներկայիս հուզական վիճակի արտացոլանքն են, որոնք ժամանակի ընթացքում կհանդարտվեն:

–Ի՞նչ դասեր պիտի քաղենք այս ամենից:

-Նախ, պիտի հաշվի առնենք, որ սա սոսկ հեղափոխություն չէ: Սա առաջին հերթին հասարակական հոգեբանության հեղափոխություն էր, մտածելակերպի հեղափոխություն, ինչը չափազանց կարևոր է ապագայի համար: Իմ կարծիքով, այս շարժումը երկու կարևոր հարց լուծեց վաղվա օրվա տեսանկյունից: Նախ, հասարակության մեջ առկա հուսալքությունը վերափոխվեց ինքնավստահության, և երկրորդ՝ հանրությունը գիտակցեց, որ ունակ է պատժել իր կողմից ընտրված իշխանություններին, եթե նրանք ճիշտ չեն գործում: Սա կգիտակցեն նաև ապագա բոլոր իշխանությունները: Բայց կարծում եմ՝ այսօրվա համար այսքանը բավարար է: Այլ հարցերի չեմ ցանկանում պատասխանել:

Դիտվել է՝ 3396

Մեկնաբանություններ